Արցախի գոյապայքարի մասին գիտի ողջ աշխարհը։ Եվ չկա մի դիվանագետ, մի քաղաքագետ, մի կայսր, մի նախագահ, որ այդ հզոր պայքարի պատմությունը չիմանա։
Այդ փոքրիկ երկրամասը, որտեղ հազարամյակների մեջ միայն հայ լեզուն է հնչել, իշխել հայկականության շունչն ու ոգին, անվերջ դիմակայում է իրենից հարյուրապատիկ առավել թշնամական ուժերին։
Մերօրյա թշնամու զորավարը , որի կարճ ու թլպատ լեզուն վերջերս հանկարծ բացվել ու երկարել է, հոխորտում է, թե իր ձեռքի տակ եղած մի կորպուսը բավարար է` արցախահայության հաշիվները մաքրելու համար։
Ինչ է դա նշանակում` մորթել կամ բնաջնջել բոլորին` փոքրից մեծ, կլինի դա յաթաղանով, ինքնաձիգով, թե հզոր հրթիռի մեկ զարկով։
Իսկ երբ է պատահել, որ մեր թշնամին իր սպառնալիքները գործադրած չլինի։
Նա ամենայն մոլուցքով Արցախը ջնջելու է եկել միշտ և թողել է անհամար դիեր։
Նա մեկ ջոկով է եկել, հետո մեկ վաշտով, հետո մեկ գնդով, ապա դիվիզիայով ու բանակներով, բայց միշտ սարսափով է հող դրել իր ենիչարներին։
Արցախի մռնչոցից Խորհրդային կայսրություն փլուզվեց, մի հսկա ու անպարտելի թվացող կայսրություն։
Նրա ներկա թշնամիներն ապառաժ էլ լինեն, ճաք կտան, կծնկեն մի օր, որքան էլ հիմա սանձարձակ են զգում իրենց ու աքլորացած։
Հազար ճամփա էլ փակեն Արցախի հայության առաջ, հազար հրթիռ էլ կրակեն, գալու է հատուցման գերագույն ժամը, արդար դատաստանի ժամը։
Մեծ մարդասպանների դատաստանն առավել սոսկալի կլինի։
Արցախը մեր հոգու և սրտի մեջ է։
Խոսրով Խլղաթյան